Այդպես էլ չիմացա` ինքն այդ նամակը տեսե՞լ է, թե ոչ. զոհվածի այրի (լուսանկարներ)

Հետաքրքիր

 

Վիգենը, Վահագնն ու Սոսեն կրտսեր սերժանտ Հենզել Բաղդասարյանի անչափահաս զավակներն են: Տղաներն արդեն պատանիներ են և հասկանում են, որ իրենց հայրը հերոս է, իսկ չորսամյա Սոսեն, որին անվանակոչել են Սոսե մայրիկի պատվին, դեռ սպասում է, որ  հայրը հետ է գալու աշխատանքից: Անուշը` Հենզել Բաղդասարյանի այրին, ատամները սեղմած շարունակում է ապրել` թուլանալու իրավունք պարզապես չունի: Հիմա ինքն է ընտանիքի միակ հենասյունը: Եվ ինչպես ինքն է ասում` ամուսնու հետ անցկացրած օրերից, հիշողություններից ուժ է ստանում, որ կարողանա ապրել:

«Հիշում եմ, որ մի անգամ տեսազանգով խոսում էինք ամուսնուս հետ, սկսեցի լացել: Նայեց ինձ ու ասաց` էլ չլացես, էս աշխարհում մենակ քո լացն է ինձ թուլացնում, իմ ուժը կորում է քո լացից: Երբ դա հիշում եմ, արդեն հավաքվում եմ»: Հենզելն ու Անուշը տավուշցի են: 18 տարի առաջ ընտանիք կազմեցին, իսկ 2005-ին Հենզելը որոշեց պայմանագրային ծառայության անցնել: «Սկզբում մի տեսակ վախ կար, բայց հետո անցավ: Մեկ տարի չէր անցել, իրեն ուղարկեցին դիպուկահարի դպրոց, որպես լավ հրաձիգ: Շատ հայրենասեր տղա էր ու ինձ էլ իր նման էր դարձրել: Իրար նման էինք մտածում, իրար օգնելով ապրում էինք: Իմ նեղությունը միայն այն էր, որ երեխաներին շատ ժամանակ միայնակ եմ մեծացրել: Հենզելն անընդհատ աշխատանքի էր, բայց միշտ ասում էր` ես ձեզնով եմ այսքան կարողանում: Շատ պատասխանատու մարդ էր: Ինքն իր հանդեպ էլ խստապահանջ: Կոկիկ, կազմակերպված, շրջապատում հարգված: Հարևաններն ասում էին`  այսպիսի զինվորական տեսել ենք միայն ֆիլմերում»:

Կրտսեր սերժանտ Հենզել Բաղդասարյանը 39 տարեկան էր: Տասերկու տարի ծառայել է Տավուշի սահմանային դիրքերում: Պառավաքարում ծնված-մեծացած Հենզելը Տավուշի գրեթե բոլոր դիրքերում ծառայել է: Երկու տարի էլ Եղնիկներում է եղել: Հինգ ասմիս Չինաստանում անցել է վերապատրաստում, իսկ պատերազմի ժամանակ եղել է Մեխակավանում, Օմարում ու Քարվաճառում: Վերջին տարիուկեսը ծառայում էր Երևանի Հատուկ նշանակության զորքերում: Դիպուկահար-հետախույզ էր:

«Հենզելն աշխույժ, կատակասեր տղա էր: Սիրում էր երգել ու պատերազմի ժամանակ էլ երգելով, կատակներ անելով է կռիվ տվել: Հոգատար էր, ուշադիր ու շատ աշխատասեր: Անգամ Վահագնի ու Սոսեի ծնվելու պահին ծառայավայրում է եղել: Երեխեքի հանդեպ խիստ էր, բայց շատ հոգատար: Այնպիսի հայր ու ամուսին էր, որ ամեն վայրկյան հիշում ենք նրան: Միջնեկ տղաս էլ է երգում: Հիշում եմ՝ հեր ու տղա միշտ երգում էին: Ամուսինս բացի երգելուց նաև ակորդեոն էր նվագում»:

Անուշը պատմում է, որ ամուսնու խստապահանջությունը մինչ օրս զգոնացնում է տղաներին, իսկ Սոսեի հետ մի ուրիշ կապվածություն ուներ: Երբ երկար էր մնում դիրքերում, ասում էր` ամենաշատը Սոսեիս եմ կարոտել:

«Մենք տուն չունենք: Տուն էինք ուզում գնել, թեկուզ հիպոթեկով: Արդեն որոշել էինք ու թղթեր էինք պատրաստում: Մեր նպատակն էր, որ երեխեքին ուսումի տանք, հասցնենք իրենց երազանքներին, բայց… »:

Անուշը մինչև պատերազմի վերջին օրը չի իմացել, որ ամուսինը ռազմաճակատում է: Ճիշտ է, ամեն օր խոսել են, բայց Հենզելը զինվորականին բնորոշ զսպվածությամբ ոչ մի խոսք, ոչ մի ավելորդ բառ չի ասել: «Մեկ անգամ հարցրեցի, ասեց՝ իմ տեղն եմ: Օրվա մեջ մեկ անգամ զանգում էր: Երբ էլի հարցրեցի, ասեց` չգիտե՞ս, որ հեռախոսով չեմ կարող շատ բան ասել: Վերջին անգամ խոսել ենք հոկտեմբերի 4-ին: Հիշում եմ` Սոսեն տեսազանգով էր ուզում խոսել: Հեռախոսն անջատելուց հետո իրեն նամակ գրեցի, որ փոքրիկ վիդեո նկարի, որպեսզի Սոսեն տեսնի հորը, բայց այդպես էլ չիմացա` ինքը տեսավ էդ նամակը, թե ոչ: Հոկտեմբերի 5-ին էլ շրջափակման մեջ են ընկել ու դիպուկահարի կրակոցից զոհվել է ամուսինս»:

Կրտսեր սերժանտ Հենզել Բաղդասարյանի մարմինը հինգ ամիս հետո` մարտի մեկին են գտել: Հինգ ամիս փնտրել են, բայց հույսը չեն կորցրել, որ կգտնեն ու ողջ կգտնեն նրան, քանզի Հենզելը շատ պրոֆեսիոնալ զինվորական էր: «Մենք անընդհատ սպասում էինք նրան, բայց մարտի մեկին մարմնի կեսը` ներքևի հատվածն են գտել»,- կիսաձայն պատմում է Անուշը:

Թեև կորուստը շատ մեծ է, բայց Անուշն ու իր զավակները կապրեն ու կապրեցնեն`վառ պահելով Հենզել Բաղդասարյանի հիշատակը:

Հայկ Մագոյան